Հայոց Պատմություն: Հարցաշար

  1. 1. Ազատագրական Պայքարի նախադրյալները
Շարժման ծավալումը Արցախում
Արցախի հայկական զորամիավորումները կարևոր դեր կատարեցին Արցախը թուրքական զավթիչներից պաշտպանելու գործում:
Թուրքական զորքերն այնտեղ առավել համառ և կազմակերպված դիմադրության հանդիպեցին: 1724թ. Արցախի ազատագրական ուժերը թուրքական բանակների դեմ համատեղ պայքարի մասին պայմանագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ: Արցախի զորահրամանատարները օսմանյան բանակների դեմ պայքարում համագործակցության առաջարկներ արեցին նաև պարսկական իշխանություններին: Արցախի մելիքությունները միասնական վճռականությամբ պատրաստ էին դիմագրավել օտար հարձակումներին և ավերումներից պաշտպանել սեփական երկիրն ու ժողովրդին: Հայոց պայքարին օժանդակելու խոստումներով Ռուսաստանից Արցախ ժամանեց նաև հայազգի Իվան Կարապետը: Այդ ավելի էր հուսադրում հայկական իշխանություններին:
Շուշիի և Վարանդայի ինքնապաշտպանական կռիվները
1725թ. մարտին թուրքական երեք զորամաս ներխուժեց Արցախի Վարանդա գավառ: Շուրջ 6000 թուրք զինվորների թույլ տալով տեղավորվել Արցախի հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց: Թուրքական երկու փաշաներն սպանվեցին, իսկ երրորդը գերի վերցվեց: Թուրքական բանակի ոչնչացումը և հայկական ուժերի այդ կարևոր հաղթանակը մեծ արձագանք ունեցավ, բարձրացավ հայոց ինքնավստահությունը և մարտունակությունը:
Անհաջողության է մատնվում Արցախի դեմ թուրքական զորքերի նաև հաջորդ արշավանքը: 1726թ. Շուշին գրավելու օսմանյան բանակի համառ գրոհները, հանդիպելով հայերի դիմադրությանը, անհաջողության մատնվեցին:
Այսպիսով, ձախողվում է Շուշիի բերդը պաշարված պահելու թուրքական բանակի փորձը: Ութօրյա մարտերից հետո, կորցնելով ութ հարյուր զինվոր, թուրքերն ստիպված նահանջում են Գանձակ: Կրած պարտություններից հետո թուրքական զինվորականությունը ընտրում է անակնկալ հարձակումների մարտավարությունը:
Թուրքական բանակի դեմ Արցախի հայ ազատագրական ուժերի պայքարում միայն 1728 թվին է առավելությունն անցնում թշնամուն: Ազատագրական ուժերի մի մասը, հուսախաբ լինելով ռուսական խոստումներից, հետագա արյունահեղությունները կանխելու համար գերադասում է թուրքերի հետ բանակցելու ուղին:
Նույն թվականին մահանում է Եսայի Հասան-Ջալալյանը, որը, տեղեկանալով ռուս-թուրքական պայմանագրի կնքման մասին, հակվել էր թուրքերի հետ բանակցելու մտքին:
Քաղաքական այդ գիծը մերժող հայ զինվորականությունը 1729թ. սկզբներին, Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ, նոր պատվիրակություն ուղարկեց ռուսական բանակ՝ օգնական զորք ստանալու նպատակով: Ռուսական հրամանատարությունը կրկին չկատարեց հայ պատվիրակության խնդրանքը: Օգնություն չստանալով Ռուսաստանից՝ հայ պատվիրակությունն այլևս չվերադարձավ Արցախ: 1729-1731 թթ. թուրքական նվաճման դեմ պայքարը շարունակում էր Գյուլիստանի սղնախը, որի հրամանատարն էր Աբրահամ սպարապետը: Թեև 1730-ական թվականներին թուրքական նվաճողների դեմ պայքարի կազմակերպման համար Արցախում այլևս չկար միասնական հրամանատարություն, սակայն հայ ժողովուրդը ցած չդրեց զենքը և շարունակեց ազատագրական պայքարը:
Արցախի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ:


2. Սյունիքի Հայկական իշխանությունը

Դավիթ բեկի գլխավորած շուրջ մեկ տարվա հաղթական պայքարից հետո Սյունիքը ազատագրվեց օտար տիրապետությունից: Այստեղ Դավիթ բեկի գլխավորությամբ ստեղծվեց հայկական իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Պարսից շահը 1724 թ. ճանաչեց Սյունիքում ստեղծված հայկական իշխանությունը, Դավիթ բեկի հետ դաշինք կնքեց և նրան իրավունք վերապահեց դրամ հատելու: Շահը կոչ է անում շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու և համաձայնեցված գործելու Դավիթ բեկի հետ: Ավելին, երբ սկսվեց թուրքական բանակի առաջխաղացումը,  շահը հրամայեց պարսիկ կառավարիչներին ռազմական օժանդակություն ցուցաբերելու հայկական իշխանությանը:
Թուրքական զորքերը Երևանի գրավումից հետո շարժում են դեպի Սյունիք և Ատրպատական: Նրանք փորձում են գրավել Սյունիքը և վերջ տալ հայակական իշխանությանը: Շրջակա մահմդական տիրակալների զինված ուժերը միանում են օսմանյան բանակին: Թշնամուն հաջողվում է գրավել մի շարք հայակական բնակավայրեր:
Դավիթ բեկն իր զորքով ամրացավ Հալիձորի բերդում: 1727 թ. մարտին թուրքերը պաշարեցին Հալիձորը: Հայկական ուժերին հաջողվում է հետ մղել թշնամու համառ գրոհները: Օսմանցիների մի մասին հաջողվում է մագլցել բերդի պարիսպների վրա, սակայն հայ ռազմիկները թշնամու զինվորներին ցած են գլորում պարիսպների վրայից:
Դավիթ բեկը որոշում է դուրս գալ շրջափակված ամրոցից և հակահարձակման միջոցով անակնկալի բերել թուրքերին։ Հակահարձակումը գլխավորող Մխիթարն ու տեր Ավետիսը Դիմում են հայ զինվորներին․ <<Արիացե՜ք, մի՜ երկնչեք, հետևեցե՜ք մեզ։ Եթե հասել է մեր վախճանը, քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ՝ մեր աչքերի առաջ, տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը>>։ Նրանց հետևեցին երեք հարյուր զինյալներ։ Աննկատ դուրս գալով բերդից՝ նրանք հանկարծակի հարձակվեցին թշնամու վրա։ Խուճապի մատնված թշնամու զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի։ Ընդհանուր առմամբ Հալիձորի ճակատամարտում թուրքական բանակից զոհվեց 13.000  զինվոր ։ Թշնամուց խլվեց 148 դրոշ, նրանց բանակի կողոպուտն ու ունեցվածքը։
Հայկական զորքերը՝ Մխիթար սպարապետի և տեր Ավետիսի հրամանատարությամբ, հետապնդելով թշնամուն, հարձակման անցան Մեղրիի ուղղությամբ։ Թշնամին կատարյալ պարտություն կրեց և Մեղրին ազատագրեց։ Հալիձորի և Մեղրիի հաղթանակները նոր լիցք հաղորդեցին հայ զինվորներին։
1728 թվականը շրջադարձային եղավ Սյունիքի համար․ մահացավ Դավիթ բեկը։ Կապանի զինվորական հրամանատարությունն անցավ Մխիթար սպարապետին, որը շարունակեց գլխավորել պայքարը թուրք զավթիչների դեմ։

Ապստամբության ավարտը

Թուրքական բանակը, նոր համալրում ստանալով, կրկին հարձակվեց Սյունիքի վրա։ Հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում, որը բացասաբար անդրադարձավ պայքարի հետագա ընթացքի վրա։ Հալիձորի բերդի նոր պաշարման ժամանակ Մխիթար սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, բայց տեր Ավետիսը վստահեց թուրքերին և նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին։ Մխիթար սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից։ Թուրքերը գրավեցին Հալիձորը, կողոպտեցին ու կոտորեցին բերդում մնացած հայ բնակչությանը։ Հալիձորի անկումից հետո թեև Մխիթար սպարապետին հաջողվեց մի որոշ ժամանակով միավորել հայկական ուժերին և թուրքերի դեմ մի շարք հաղթանակներ տանել, սակայն ապստամբական ուժերի ջլատումը հնարավոր չեղավ կասեցնել։
1730 թ․ թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո Խնձորեսկ վերադառնելու ճանապարհին Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվեց։ Սյունիքի հայկական զորքերը, միայնակ մնալով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել։
Այդուհանդերձ, 1720-ական թթ․ զինված պայքարի շնորհիվ Սյունիքում որոշակի ժամանակով վերականգնվեց հայկական ինքնիշխանությունը, իսկ Հայաստանի ազատագրությաան պայքարի պատմությունը, հարստացավ փառավոր էջով՝ հետագա սերունդներին մղելով հերոսական պայքարի։









































Комментарии

Популярные сообщения