Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին մեկն է այն հայ մտավորականներից, որոնց գործունեությունը դարակազմիկ նշանակություն ունեցավ: Նրա ջանքերի պտուղները հայությունը քաղում է ավելի քան 300 տարի: 1676 թ. փետրվարի 7-ին պատմական Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում` վաճառական Պետրոսի ու Շահրիստանի գերդաստանում մանուկ ծնվեց: Պետրոսն իր որդուն հոր պատվին Մանուկ անվանակոչեց: Հաջողակ վաճառականը երազում էր, որ որդին հետագայում կբռնի իր ուղին ու իր աջակիցը կդառնա առևտրական գործերում: Բայց Մանուկը փոքրուց արտակարգ ունակություններ դրսևորեց այլ ասպարեզում: Արդեն 5 տարեկանում վաճառական Պետրոսի որդին գրել-կարդալ գիտեր: Վաճառական Պետրոսենց տուն հաճախ էին այցելում տեղի ծխական քահանաները: Նրանցից մեկն առանձնանում էր կրոնական մոլուցքով ու տգիտությամբ: Կրոնավորները հաճախ էին թեյի սեղանի շուրջ զրույցի բռնվում ու զանազան պատմություններ պատմում ճգնավորների, մենակյացների մասին: Վառ երևակայությամբ օժտված Մանուկը, տարվելով այս տգետ քահանայի պատմածով, որոշում է ինքն էլ ճգնավոր դառնալ և համոզելով ընկերոջը՝ նրա հետ 10 տարեկան հասակում տնից փախչում է անտառ: Երեխաները մոլորվում են անտառում: Ի վերջո, նրանց գտնում են մի քարանձավում՝ սովից ուշագնաց: Նույն քահանայի խորհրդով վաճառական Պետրոսն իր որդուն ուսման է տալիս Սեբաստիայում հայտնի երկու կույս միանձնուհիների մոտ, որոնք, սակայն, աչքի ընկնելով կույր մոլեռանդությամբ, տգիտությամբ, ոչինչ էական չեն սովորեցնում պատանուն: Միանձնուհիները շուտով մահանում են, և Մանուկ պատանին ազատվում է նրանց գերությունից: 15 տարեկան էր Մանուկը, երբ դարձավ Սեբաստիայի սբ.Նշան եկեղեցու դպիր: Շուտով սարկավագ ձեռնադրվեց և ընդունեց Մխիթար անունը: Սեբաստիայում Մխիթարը երկար չմնաց, մեկնեց Էջմիածին՝ ուսում ստանալու: Սակայն պատանի սարկավագին խոր հիասթափություն էր սպասում: Նրա ուսուցումը հանձն է առնում Էջմիածնի միաբանության եպիսկոպոսներից մեկը, որը, սակայն, պատանուն պահում է իր տանը՝ ծառայի կարգավիճակով: Մխիթարը ստիպված փախչում է Սևանավանք: Սակայն այնտեղից էլ հիասթափված խույս է տալիս ու հաստատվում Բասեն քաղաքում՝ ծառայության անցնելով ծխական եկեղեցում: Այստեղ էլ Մխիթարը երկար չմնաց: Հիասթափված հայ կղերականների վարքուբարքից՝ հեռանում է նաև Բասենից և 1696 թ., վերադառնալով հայրենի Սեբաստիա, տեղում ձեռնադրվում է կուսակրոն քահանա՝ այդպես էլ չստանալով բաղձալի ուսումը: Մեկ տարի քահանայություն անելուց հետո Մխիթարը 22 տարեկան հասակում ուսում ստանալու նպատակով մեկնում է Կոստանդնուպոլիս: Այստեղ նրան բախտը ժպտաց. հանդիպեց ուսյալ այրի՝ կաթոլիկ վարդապետ Խաչատուր Էրզրումցուն, որի մոտ ճարտասանություն, քերականություն, աստվածաբանություն և իմաստասիրություն ուսանեց: Մխիթարը և Խաչատուր Էրզրումցին ընկերացան: Վերջինս, տեսնելով պատանու ձգտումը, ամեն կերպ հագուրդ էր տալիս նրա ուսումնատենչությանը՝ չխնայելով ոչինչ: Պոլսում Մխիթարը հրաժարվեց առաքելական եկեղեցուց և կաթոլիկություն ընդունեց: Կաթոլիկ եկեղեցին Մխիթար Սեբաստացուն ձեռնադրեց վարդապետ: Նա Խաչատուր վարդապետի հետ մտահղացավ միաբանություն ստեղծելու գաղափարը և առաջարկեց ուսուցչին ղեկավարել միաբանությունը: Սակայն վերջինս հրաժարվեց: 1701 թ. հիմնվում է Մխիթարյան միաբանությունը: Մխիթարը Պոլսի Բեյօղլի թաղամասում բնակարան է վարձում, ութ աշակերտների է հավաքում և սկսում գրական-գիտական գործունեությունը: Միաբանության առաջին գործը կրոնական բովանդակությամբ մի քանի գրքերի թարգմանությունն էր լատիներենից հայերեն: Մխիթարի գործունեությունը դուր չի գալիս հայ առաքելական եկեղեցուն, և հայ կղերականները հալածանքներ են սկսում նրա դեմ՝ թուրքական իշխանությունների մոտ շարունակ կեղծ մատնություններ անելով: Խույս տալով հայ կղերի հետապնդումներից՝ Մխիթար Սեբաստացին տեղափոխվում է հունական Մեթոն բերդաքաղաք, որ Վենետիկի Հանրապետության սահմաններում էր գտնվում: Այստեղ հողամաս է վերցնում, ձիթենու այգի տնկում, անգամ փոքրիկ եկեղեցի է կառուցում ու շարունակում գործունեությունը: Այստեղ էլ 1712 թ. Հռոմի պապը նրան շնորհում է աբբահոր կոչում: Բայց Մխիթարի այդ փոքրիկ երջանկությունը խաթարվում է 1715 թ. սկսված թուրք-վենետիկյան պատերազմի պատճառով, և Մխիթար Սեբաստացին ստիպված իր 12 թիմակիցներով ապրիլի 12-ին Սբ.Չերիլլո նավով հեռանում է Իտալիա: Մխիթարը դիմեց վենետիկյան իշխանություններին՝ միաբանության համար հող հատկացնելու խնդրանքով: Նրան ընդառաջ գնացին՝ տալով ընտրության հնարավորություն: Սեբաստացին ընտրեց լքված սբ.Ղազար կղզին, որը ժամանակին բորոտների ապաստարան էր: Մխիթարն իր ընկերների հետ մաքրեց կղզին ու միաբանությունը հաստատեց այնտեղ: Նա հռչակեց նաև իր կարգախոսը. «Սկիզբէն ի վեր, ինչպէս ես, այս Միաբանութիւնն ալ սահմանուած է Հայ ժողովրդի մշակութային ծառայութեան եւ Աստծոյ Փառքին»: Մխիթարը կղզում Ժառանգավորաց դպրոց և կրթարան բացեց, որտեղ պատանիները խոր գիտելիքներ էին ստանում տարբեր առարկաներից: Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական, հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Մխիթար Սեբաստացին բազում գրքերի հեղինակ է: Նրա գրչին են պատկանում աշխարհաբարի քերականության առաջին դասագիրքը՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց», արժեքավոր է նաև «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» երկը։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» աշխատությունը, որն այսօր էլ բացառիկ արժեք ունի. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հազար բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են մինչ օրս։ Հրատարակել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը»։ Մխիթար Սեբաստացին նաև մեծ մատենադարան հավաքեց սբ.Ղազար կղզում: Բացի բուն գիտական գործունեությունից, Մխիթար Սեբաստացին նաև մշակութային գործունեություն ծավալեց: Նա զարկ տվեց հայ թատրոնի զարգացմանը: Սուրբ Ղազար կղզում թատերական ներկայացումներ էր բեմադրում: Բայց երկար դեգերումները, ծանր ապրումներն արդեն քայքայել էին ծերունու առողջությունը: 1748 թ. մարտին նա ծանր հիվանդացավ, գամվեց անկողնուն: Հայ մշակույթի և գիտության երախտավորը մահկանացուն կնքեց ապրիլի 27-ին՝ 72 տարեկան հասակում: 1772 թ. Մխիթարյան միաբանությունը երկփեղվեց. միաբանների մի մասը հաստատվեց Վիեննայում և այնտեղ հիմնեց միաբանություն: Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ են մինչև այսօր Սամվել-Մուրադյան վարժարանը Ֆրանսիայում, Մուրադ-Ռափայելյան վարժարանը Իտալիայում, Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները: Մխիթարյան միաբանությունում խիստ կարգուկանոն էր հաստատված: Այնտեղ ամեն ոք գիտեր իր անելիքը, պարտականությունները, խնդիրները: Բայրոնը, այցելելով սբ.Ղազար կղզի և երկար ժամանակ հյուրընկալվելով այնտեղ, գրել է. «Այնտեղ բոլորը խոսում են միայն ամենաանհրաժեշտի մասին»:


Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Комментарии

Популярные сообщения