Քրդեր

Քրդեր (քրդ.՝ Kurdêd), ազգ, որի մայրենի լեզուն համարվում է քրդերենը։ Այժմ նրանց թիվը աշխարհում կազմում է ավելի քան 38.000.000։ Բնակվում է գլխավորապես Թուրքիայում (20.5 մլն.), Իրանում (6.8 մլն.), Իրաքում (6.2 մլն.), Սիրիայում (3.0 մլն.) և մի քանի այլ երկրներում։




Դավանանքով՝ սուննի, մասամբ շիա մուսուլմաններ են, մասամբ էլ պատկանում են եզդիների, ալիիլահի աղանդներին։
Քրդերի ծագումն ու պատմությունը այդքան էլ լավ չի ուսումնասիրված։ Ըստ ուսումնասիրությունների (Դ.Ն. Մարքենզի և ուրիշներ), քրդերի նախահայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հյուսիսային շրջանը։ Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել իսլամ, իսկ սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում (XI - XII դդ.) հաստատվել Հայաստանի հարավային նահանգների (Հայոց Միջագետք, Աղձնիք, Կորճայք) որոշ գավառներում։ Քրդերն առաջին անգամ հիշատակվում են XII դարի գրավոր աղբյուրներում՝ որպես վկայակոչուն ու խաշնարած ցեղեր (արաբ միջնադարյան հեղինակները «քուրդ» ցեղանունը հաճախ օգտագործում են «թափառակենցաղ խաշնարած» իմաստով)։ Քրդերը Հայաստանի այլ նահանգներում աստիճանաբար սփռվել են թուրքական սուլթանության տիրապետության հաստատումից (XVI դ.) հետո։ Պատմագիտության մեջ ներկայացվող «Քուրդիստան» կամ «Քըրդըստան» անվանումը օգտագործվում է սոսկ ազգագրական իմաստով (Իրանի Քուրդիստան, Իրաքի Քուրդիստան, Թուրքիայի Քուրդիստան), որովհետև գոյություն չի ունեցել նման քաղաքական միավորում։

Քրդերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ հյուսիսային քրդեր կամ կուրմանջներ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Իրանի և Իրաքի որոշ շրջաններ) և հարավային քրդեր կամ սորաններ (Իրաք և Իրան), որոնք միմյանցից տարբերվում են ազգագրական, մարդաբանական և լեզվական մի շարք հատկանիշներով։

Комментарии

Популярные сообщения