Ալեքսանդր Մակեդոնացու և Հայաստանի առնչությունների թեման պետք է դիտարկել առնվազն երեք տեսանկյունով ու ժամանակագրական կտրվածքով.
ա/ Ալեքսանդրը և հայոց զորքը, երբ վերջինս դեռևս մասն էր կազմում աքեմենյան բանակի,
բ/ Ալեքսանդրի անհաջողություններն` ընդդեմ Հայոց թագավորության,
գ/ վիպական Ալեքսանդրի կերպարը և Հայաստանը:
Գավգամելայի ճակատամարտը և Հայաստանի անկախացումը (Ք.ա. 331թ.)
Ք.ա. 336թ. հոր` Ֆիլիպ Բ-ի սպանությունից հետո, Մակեդոնիայում գահ է բարձրանում քսանամյա Ալեքսանդրը (Ալեքսանդր Ա կամ Ալեքսանդր Մակեդոնացի, Ք.ա. 336-323թթ.)։ 
Ք.ա. 334թ. մակեդոնա-հունական զորքերը` Ալեքսանդրի գլխավորությամբ, անցնում են Հելլեսպոնտոսը և շուտով Գրանիկոս գետի ափին պարտության մատնում պարսից փոքրասիական սատրապների միացյալ ուժերին։ Այս պարտությունն անակնկալի է բերում Աքեմենյան վերջին տիրակալ Դարեհ Գ-ին, որը ևս գահ էր բարձրացել Ք.ա. 336թ.: Նա բազմահազար զորքերով ընդառաջ է գնում Ալեքսանդրին: Ք.ա. 333թ. գարնանը Կիլիկիայի Իսսոսի դաշտում տեղի է ունենում մեծ ճակատամարտ (տե՜ս քարտեզը):
   Ճակատամարտի ժամանակ Դարեհ Գ-ի գլխավորությամբ պարսիկները առաջնորդել են աքեմենյան բանակի կենտրոնը, մարերը՝ աջ թևը, և հայերը` ձախ թևը: Չնայած թվական մեծ գերակշռությանը` պարսից զորքը Իսսոսի մոտ ծանր պարտություն է կրում։ Դատելով փաստերից` պարտության պատճառը մարերի առաջնորդությամբ կռվող աջ թևի փախուստն էր, որին հաջորդած խուճապից հետո սկսում է նահանջել ամբողջ բանակը: Դարեհը փախչում է` ռազմականից ավելի ծանր բարոյական պարտություն կրելով. գերի են ընկնում նրա մայրը, կինը և զավակները։
  Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ մարտնչել է Վահե Հայկազունին, որը զոհվել է «նրա ձեռքով» (գիրք Ա, գլ. ԼԱ): Անտիկ պատմագրությունից մեզ հայտնի է, որ հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցել են Մակեդոնացու դեմ մղված երկու` Իսսոսի և Գավգամելայի ճակատամարտերին: Քանի որ հայտնի է, որ Գավգամելայի ճակատամարտում հայկական զորքերը ղեկավարել են Օրոնտես-Երվանդն ու Միթրաուստեսը, մնում է ենթադրել, որ Վահե Հայկազունին Իսսոսի ճակատամարտին մասնակցած 47000-անոց հայկական բանակն է առաջնորդել և զոհվել այդ ճակատամարտում: 
 Իսսոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը, ունենալով բացառիկ պատանդներ, չի հետապնդում Դարեհին, այլ շարունակում է արշավանքը դեպի Եգիպտոս։ Ի տարբերություն Միջերկրականի արևելյան ավազանի, որտեղ մակեդոնացիներին ցույց է տրվում լուրջ դիմադրություն, Եգիպտոսը նվաճվում է առանց զինված դիմադրության: Ալեքսանդրն իրեն հայտարարում է եգիպտական աստված Ամոնի որդի և փարավոնների ժառանգ, հիմնում իր անվամբ առաջին քաղաքը՝ Ալեքսանդրիան։
  Ալեքսանդրը Եգիպտոսից շարունակում է շարժվել Դարեհ Գ-ի հիմնական ուժերի դեմ: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Ասորեստանի հյուսիսում` Արբելայից ոչ հեռու գտնվող Գավգամելայի մոտ, 331թ. հոկտեմբերի 1-ին (տե՜ս սխեմաները)։

Комментарии

Популярные сообщения