Ազատագրական պայքարը 18-րդ դարի երկրորդ կեսին

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի նախադրյալները
XVII դարի երկրորդ կեսը Հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով:
Հայոց ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները:
Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր:
Հայ իրականության մեջ գնալով առավել անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը. աստիճանաբար ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները՝ չքավորության եզրին հասցնելով բնակչությանը:
Ներքին նախադրյալների թվում կարևոր էր այն, որ Հայաստանում դեռևս պահպանվել էին հայկական մի շարք իշխանություններ: Այդ իշխանությունները, դիմագրավելով բազում արհավիրքների, թուլացել էին և ի վիճակի չէին ինքնուրույն գլխավորելու ազատագրական շարժումը:
Ժողովրդի մեջ առևտրաարհեստավորական խավի զարգացումը հանգեցնում էր սոցիալական նոր շերտի՝ առևտրական բուրժուազիայի առաջացմանը: Վերջինս փորձում էր նպաստել հայոց ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը՝ հովանավորելով հոգևոր-մշակութային տարբեր ձեռնարկումներ:
Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը: Օտար տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը՝ հաճախ գերադասելով մահը դավանափոխությունից: Ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվության զգացումը Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորում էին ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև` երկրից արտագաղթած և տարբեր երկրներում հանգրվան գտած բնակչությանը:
Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում:
Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները: Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ: Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ:
Կարևոր հանգամանք էր նաև հայ ժողովրդի վիճակում գտնվող այլ ժողովուրդների՝ հույների, ասորիների, քուրդ-եզիդիների` օտար տիրապետության դեմ պայքարի պատրաստակամությունը: Քննարկվում էր նաև այդ ժողովուրդների հետ համատեղ հանդես գալու խնդիրը, որը խոստումնալից էր թվում:
Կրետեի պատերազմը և թուրքահպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի աշխուժացումը
Օսմանյան պետության և Վենետիկի հանրապետության միջև 1645 թվականին սկսված պատերազմը և թուրքերի հնարավոր պարտությունը օսմանյան լուծը թոթափելու հույսեր արթնացրեց թուրքահպատակ ժողովուրդների մոտ:
Պատերազմում Վենետիկի դաշնակիցները՝ Հռոմի պապական աթոռը և Ֆրանսիան, ջանքեր էին գործադրում համախմբելու օսմանահպատակ ժողովուրդներին՝ հանդես գալու թուրքական լծի դեմ: Հայազգի գործիչները ևս կոչեր էին ուղղում Հռոմի պապին ու Ֆրանսիայի թագավորին՝ ուժեղացնելու Օսմանյան կայսրության դեմ պայքարը: Այդ առումով կարևոր է Հայոց կաթողիկոսի 1663թ. գրած նամակը Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորին:
Կաթողիկոսը նամակներ էր գրել նաև Հռոմի պապին ու Վենետիկ և անգամ այցելել պատերազմի դաշտ ու բանակցություններ վարել վենետիկյան բանակի հրամանատարի հետ:
Հայ առևտրական բուրժուազիայի ներկայացուցիչները մասնակցություն էին ունենում հակաթուրքական պայքարի կազմակերպման մեջ: Մոտ երկու տասնամյակ ազատագրական շարժման ծրագրերի մասնակիցներից էր բաղիշեցի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատը: Նա 1666թ. Փարիզ էր ժամանել և ֆրանսիական արքունիքին հավաստիացրել, թե հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ: Նման առաջարկներով նա դիմել էր Լյուդովիկոս XIV-ին և ապա հայկական պատվիրակության կազմում կրկին ժամանել Փարիզ՝ բանակցությունները շարունակելու համար: Պատվիրակության կազմում էր նաև Հովհաննես Թութունջի վարդապետը, որ նախկինում եղել էր Աղթամարի կաթողիկոս: Ապա նա ճանապարհվել էր Եթովպիա՝ այդ երկիրը ևս ընդգրկելու հակաթուրքական պայքարի դաշինքի մեջ:
Հայազգի գործիչները զանազան միջոցների էին դիմում` արևմուտքին համոզելու հակաթուրքական գործողությունների դիմելու: Նման փորձերից էր Արիստակես վարդապետի դիմումը Հռոմի պապին, որտեղ նա առաջարկում էր իր ծառայությունները՝ ստեղծելու և փորձարկելու զենքի նոր տեսակ, որը սովորել էր Չինաստանում: Նա հավաստում էր, թե այդ զենքի դեմ «ոչ բերդ, ոչ սար, ոչ ձոր, ոչ ծով, ոչ ցամաք, ոչ բազմություն զորքերի և զինվորների իմ գիտացած բանի հնարքին դեմ չի կարեր կենալ»:
Քաղաքական իրադրության փոփոխությունները նպաստավոր չեղան նման ծրագրերի իրականացման համար: Ֆրանսիան շուտով ստանձնեց Թուրքիային հովանավորելու քաղաքականություն: Հայ քաղաքական ուժերը ստիպված էին ապավինել հակաթուրքական նոր ուժերի՝ Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի ու Լեհաստանի համագործակցությանը: Թուրքիայի հարձակողական արշավանքները դեպի Հունգարիա և Ավստրիա ոտքի հանեցին նաև տեղի հայ գործիչներին: Նրանք զենքով ու հետախուզական ծառայություններով իրենց նպաստն էին բերում Վիեննայի և Բուդապեշտի պաշտպանություններին:


աղբյուրը՝ https://akunq.net/am/?p=36739

Комментарии

Популярные сообщения