Սողանքների հետևանքները և Սողանքները ՀՀ-ում

Սողանքներից հիմնականում տուժում են բնակելի և արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, այգիներն ու վարելահողերը, հանքերը և այլն:
ՀՀ-ում կան տարբեր չափերի ավելի քան 3000 սողանքային օջախներ, որոնք ընդգրկում են շուրջ 65 000 հա տարածք: Ակտիվ սողանքային տարածքներում են գտնվում Ողջաբերդ, Հաղարծին, Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները և այլ բնակավայրեր:
Ինչպես նաև միջին բարձրության լեռնային գոտիներում՝ Ախուրյանի հովտում,  Դեբեդի, Աղստևի, Վեդիի, Գետիկի, Որոտանի ավազաններում, Նուբարաշենի,  Ջերմուկի սարավանդներում և այլն:
Սողանքներն առավելապես տարածված են Հրազդան, Ողջի, Ազատ և Արփա գետերի ջրավազաններում: Սողանքների հասցրած տարեկան վնասը ՀՀ-ում կազմում է մոտ 5 միլիարդ դրամ:
Սողանքային վտանգն սպառնում է նաև  տրանսպորտային և էներգետիկ մայրուղիներին, արոտավայրերին, մշակովի հողերին, պատմամշակութային համալիրներին (Մակարավանք, Ջուխտակ վանք, Գոշավանք և այլն): Սողանքները ՀՀ-ում ավերիչ  են եղել մի շարք բնակավայրերի համար, օրինակ՝ Մարմարաշեն (Շիրակի մարզ) և Մարտիրոս (Վայոց Ձորի մարզ) գյուղերն ավերվել են, բնակչությունը տեղափոխվել է:
ՀՀ տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով: Սողանքները ՀՀ-ում հաճախ հանդիպող երկրաբանական երևույթներից են:
Սողանքները ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջով կամ թեք տեղանքով ապարների զանգվածային սահաշարժերն են, որոնք լվացման հետևանքով ապարների հավասարակշռության խախտման արդյունք են: Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետևանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային  շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները:
Ջրագծերից ու ջրանցքներից ներծծվող անխուսափելի կորուստների հետևանքով  սողանքներն ակտիվացել են Գառնի-Հացավան-Ողջաբերդ, Արզնի-Գետամեջ-Պտղնի և այլ տեղամասերում:
ՀՀ-ում առկա են բլոկային տեղաշարժեր, որոնք հիմնական զանգվածից պոկված, բայց իրենց միաձուլությունն ու ներքին կառուցվածքը պահպանած մայր ապարների խոշոր հատվածներ են (Իջևանի լեռնաշղթայում, Որոտանի կիրճում և այլն):  Կան նաև փլվածքային սողանքներ, հոսքային սողանքներ: ՀՀ-ի տարածքի սողանքային տեղաշարժերի տեսակները  շատ հաճախ տարանցման ընթացքում  փոխակերպվում են  փլվածք-սահք-հոսք սխեմայով, օրինակ՝ Ջերմուկի սողանքային խումբը:
Երկրաշարժածին  սողանքներին բնոոշ է որոշակի գոտիականություն՝ պայմանավորված խզումնային գոտիների սեյսմիկ ռեժիմի տարբերություններով և լանջերի կայունության խախտմամբ:
Ողջաբերդի, Վեդիի սողանքային խմբերը գենետիկորեն կապված են  Գառնիի խզումնային երկրաշարժային ակտիվության հետ: Նրանք ունեն շատ բարձր ակտիվություն և մշտապես վնաս են հասցնում ճանապարհային ցանցին:
Սողանքների դեմ պայքարելու համար կառուցվում են գետափերն ամրացնող ու ցամաքուրդային կառույցներ, կատարում են ծառատունկ և այլ միջոցառումներ:
Այս աղետը չի սահմանափակվում միայն նյութական վնասներ պատճառելով: ԱՄՆ-ում ամեն տարի սողանքին զոհ է գնում 25 հազար մարդ, ինչը գերազանցում է երկրաշարժից զոհվածների թիվը: Ճապոնիայում այդ թիվը կազմում է բոլոր աղետներից զոհվածների 40-50 տոկոսն այն դեպքում, երբ ճապոնական կղզիները տարաբնույթ աղետների (երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ, փոթորիկ) մշտական թիրախ են:
1949թ. Պամիրի լեռներում առաջացել է խոշոր սողանք, որը սրընթաց գահավիժելով Դարիհաուզ կիրճով՝ 10 կմ տարածության վրա ոչնչացրել է բոլոր գյուղերը, խլել շուրջ 10 000 մարդու կյանք:
1963թ. Հյուսիսային Իտալիայում՝ Վայոնտ գետի կիրճում, տեղի է ունեցել Եվրոպայում 20-րդ դարի ամենակործանիչ սողանքը՝ 360 մլն մ3 ծավալով: Սողանքը սահել է Վայոնտի ջրամբարը՝ դուրս մղելով 114 մլն մ3 ծավալով ջուր: 246 մ բարձրությամբ ալիքը հարձակվել է հովտում գտնվող 5 քաղաքի վրա՝ բնաջնջելով դրանք, զոհվել է մոտ 3 հազար մարդ: Միայն 1990-1992թթ. ամբողջ աշխարհում սողանքներին զոհ է գնացել մոտ 600 000 մարդ:

Հայաստանում ամենամեծ սողանքը գրանցվել է 1840թ. հուլիսին, երբ հայտնի Արարատյան երկրաշարժի հետևանքով Արարատ լեռից պոկվել է մոտ 3 ք/կմ ծավալով զանգված: Անցնելով 28 կմ՝ այն իր ճանապարհին ոչնչացրել է Ս. Հակոբի վանքը, Արալիք քաղաքը, մի քանի գյուղ իր բնակիչներով, պատնեշել Սևջուր գետը: Հայտնի են նաև այլ հսկա սողանքներ՝ Անիի (1022թ. և 1064թ.), Գառնիի (1679թ.) և Ծաղկաձորի (1827թ.) սողանքները:

Комментарии

Популярные сообщения