ԼՈՒՅՍԻ ԵՒ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ։ #2 Մանվել Ջավադյան
Պատմում է Մանվելի մանկության ընկեր՝ Գոռ Մանուկյանը։
Մանվել Սևակի Ջավադյանը ծնվել է 2001 թվ.-ի օգոստոսի 5-ին։
Ուներ կազմած շատ պլաններ, հասցրել էր ընդունվել համալսարան, որոշել էր ծառայեր, ապա գար և շարունակեր երազանքներն ու նպատակներն իրագործելը։ Մանվելը շատ հայրենասեր է եղել, իսկ պատերազմի ընթացքում ավելի։ Ծառայել է առաջին օրվանից Արցախում, Մարտունու շրջանում, պատերազմի ընթացքում մի քանի անգամ տեղափոխվել է։ Խոսելիս, երբ հարցնում էինք ինչ էր պետք, ինչի կարիք ուներ, միշտ պատասխանում էր՝ ամեն ինչ լավ է, ոչ մի բանի պակաս չունի։ Մանվելը 43 օր շարունակ հոյակապ մարտեր է անցկացրել, նույնիսկ երբ հայրը ասել է նրան, որ արդեն 43 օր կռվի դաշտում ես, հետ արի, Մանվելը պատասխանել է, որ պայքարելու է մինչև վերջ, հակառակ դեպքում ինչպե՞ս էր նայելու իր ընկերների աչքերին, եթե ինքը չպահեր սահմանը, ապա ո՞վ։Շատ պլաններ ուներ կապված ընտանիքի, ընկերների, ընկերուհու հետ, ինչը ցավոք չի իրականացվելու։ Որոշել էր գար սովորեր, ավարտեր ու աշխատանքի անցներ... իսկական հայրենասեր էր Մանվելը։ Մենք էլ մեր հերթին, բոլորով պատկերացումներ էինք կազմել՝ ինչպես էինք դիմավորելու իրեն...
Մանվելի մասին կարող եմ ժամերով ու օրերով խոսել, իր մեջ մի ուրիշ կյանք էր, միայն դրական կողմեր ուներ։ Ինքը շատ լավ ու նվիրված է ծառայել հայրենիքին մինչև վերջին վայրկյանը, տարբեր շքանշաններ ուներ։ Հաջողությունների Մանվելը հասել էր նաև մինչև բանակ գնալը։ Շատ էր սիրում պարը, զբաղվում էր Բրեյք դանսով, ուներ շատ մեդալներ։Ծառայությունը իրեն շատ էր փոխել, դեպի ավելի դրականը։
Комментарии
Отправить комментарий