Խոսում են հերոս-տղերքը։ Սարգիս Թովմասյան

 Ես Թովմասյան Սարգիսն եմ Աշտարակ քաղաքից, 19 տարեկան եմ, բանակ եմ զորակոչվել 2020 թվականին՝  հունվարի 21-ին ու ծառայության անցել 7-րդ պաշտպանական շրջանում«եղնիկներ» զորամասում։ 









Ծառայության առաջին օրերը բարդ էին, դե քաղաքից միանգամից գնում ես մի տեղ, որտեղ նույնիսկ հասարակ պայմաններ չկան (բայց մեկ է եղնիկներն ուրիշ է)։ հետո սկսում ես հարմարվել, ու ծառայությունդ «կարագի»  նման գնում ա։ Մարտ ապրիլ ամիսներն էր, երբ տարածվեց կորոնավիրուսը, ոչ արձակուրդ կար, ոչ տեսակցություն: Սպասում էինք ու անընդհատ սպասում ( լուրեր կային, որ օգոստոսին արձակուրդ էինք գնալու, էն էլ սեպտեմբերը օգոստոսից շուտ եկավ): 

Սեպտեմբերի 26-ի գիշերը ժամը 5-անց կես էր, պոստի էի կանգնած, ու սիրտս անընդհատ կարծես վատ բան էր գուշակում, բայց հուսով էի, որ ամեն ինչ նորմալ է, ժամը 7-ին հանձնեցի պոստս ու գնացի պառկելու։ Անցավ 20 րոպե ու արկն արկի հետևից մեր առաջնագծի վրա: Տագնապով վազեցինք կրակային դիրք ու սկսեցինք մարտի տալ հրանոթները: (ես հրետանու Դ-30 մարտկոցի կապավոր եմ, բայց պատերազմի ժամանակ ինչ ասես արել եմ, ռացիաներիս մասին մոռացել էի լրիվ): Իսկ օրերն անցնում էին։ Ամեն օր տուն էի զանգում քաջ գիտակցելով, որ ամեն զանգս կարող էր վերջինը լիներ (հիշում եմ՝ օր է եղել, որ նույնիսկ Գրադի կրակոցի տակ տուն եմ զանգել, մենակ թե տանեցիներս լավ զգան իրենց ու չանհանգստանան)։



Օրերն էլի ու էլի անցնում էին, լուրեր չունեինք այնքան ժամանակ, մինչև պատահաբար ռադիոն միացավ, ու լսեցինք, որ թշնամին արդեն Կուբաթլուն գրավել է, կատակով ասեցի. «սրանք արդեն մեր տներին են մոտիկանում»։

Բոլորիս մեջ 2 մարդ էր սկսել ապրել՝ մեկը ուզում էր, որ պատերազմն ավարտվեր, մյուսն էլ կողքից ասում էր, եթե ավարտվի, այս հողերը հանձնեն, բա հետո՞ , ու էդ հակամարտությունը գնաց մինչև նոյեմբերի 9-ը։

Ճիշտ է,  մեր մարտկոցից զոհ ու վիրավոր չունեցանք, բայց եղնիկները շատ զոհ տվեց։ Պատերազմի ավարտից հետո հիշում եմ դեկտեմբերի 25-ն էր, տղաներից մեկը քնած տեղից արթնացրեց ասեց. 

- Սաք հել արձակուրդ ես գնում։

Անկեղծ բարկացա՝ գիտեի կատակ էր,  ասացի գի՞ժ է, ի՞նչեր է խոսում, անհնար է, նորից քնեցի ու նորից 5 րոպե հետո ձայն տվեցին.

- Ա՜յ տղա, վեր կաց, արձակուրդ ես գնում։

Խոսում էի տղաների հետ,  բայց ուղեղս ու միտքս լրիվ ուրիշ տեղ էին։

Ինքս ինձ հետ խոսում  էի. «Հա՞, իսկապե՞ս ես հաղթել եմ իմ բաժին պատերազմը, տու՞ն եմ գնում...»

Առավոտյան ժամը 6-ին զանգեցի միայն հորս, ասացի, որ արձակուրդ եմ գնում,  ուրախացավ ու ասաց, երբ հասնեմ Գորիս զանգեմ, որ գան Երևան դիմավորեն։

Երեկոյան մոտ ժամը 8-ին, հասա տուն։ Տանեցիների հուզմունքն ու ուրախությունը խառնվել էր, անասելի ուրախ պահ էր։

Մի քիչ նստեցինք, կարոտներս առանք, մայրս տխուր դեմքով սկսեց խոսել զոհված ընկերներիցս, ում մահվան մասին առաջին անգամ լսեցի հենց իրենից (պատերազմի ժամանակ չէր ասել, որ չնեղվեի ու վատ չզգայի)։

Անցան օրեր ու արձակուրդս ավարտվեց, Արցախի սահմանն արդեն փակված էր։ Ստիպված պետք է ծառայեինք Հայաստանի տարածքում։ Գնացի, ներկայացա ռազմական, հիմա Էջմիածնում եմ, բայց եղնիկների հետ կապվածությունս մնալու է միշտ՝ մինչև մահս։

Պատերազմը շատ բան սովորեցրեց՝ գնահատել կյանքը, այն ինչ ունես՝ հայր, մայր, եղբայրներ ու բարեկամներ, վերջապես ընկերուհի...

Հիմա Էջմիածնի ինժենեռա-սակրավորական զորամասում եմ։

Չգիտեմ ինչքան ժամանակ կմնամ այստեղ ու ինչքան ժամանակ ինձնից կպահանջվի, որ վերանան ա՛յն ապրումները, ա՛յն երազները, որ մինչև հիմա էլ ինձ հետապնդում են։ Սակայն միակ այն փաստը, որ գոնե հիմա մոտ ես տանդ, զգում ես կեսիդ բաբախող սրտի զարկերը՝ ինձ համար մի ուրիշ աշխարհ արժե։


Փա՛ռք քեզ, հա՛յ զինվոր։



Комментарии

Популярные сообщения