ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀԵՐՈՍ-ՏՂԵՐՔԸ։ Ռաֆայել Գևորգյան

 Ես Ռաֆայել Արսենի Գևորգյանն եմ, 21 տարեկան։ Ծնունդով Կոտայքի մարզի, Աբովյան քաղաքից եմ, սակայն ապրում եմ Երևանում։ 


Ծառայության
 անցել եմ 2019 թվ.-ի հունվարի 24-ին, Մադաղիսի զորամասում։ Ծառայությունս մինչև պատերազմ անցել է թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ հեշտ ու թե՛ դժվար օրերով։ Սեպտեմբերի 1-ին պապիկս մահացավ, ու ես տուն գնացի։ Վերադարձա զորամաս ամսի 8-ին, և չէր անցել 20 օր, ինչ սկսվեց պատերազմը։ Այդ ժամանակ մարտական հերթապահության էինք Թալիշի դիրքերքում։ 

Գեղեցիկ առավոտներից մեկն էր այնտեղ, ժամը 7-ն էր։ Չանցնելով 10 րոպե՝ առաջին արկն ընկավ ինձնից 10 մետր առաջ ու սկսվեցին ընկնել իրար ետևից։ հրաման ստացանք դիրքավորվել ու պատրաստ լինել մարտերի։ 

Կորցրեցինք կապը հարակից բոլոր մարտական դիրքերի հետ։ Մեր դիրքում մնացինք այդ օրը ժամը 19:00-20:00-ին, մեկ ուրիշ մարտական դիրք նահանջեց դեպի մեզ։ Ամբողջ կազմով մենք ունեցանք 2 զոհ և 2 վիրավոր։



Հրամանատարը նահանջի հրաման տվեց, անկեղծ մոտ 30 րոպե վիճում էինք ու չէինք ուզում համակերպվել, սակայն ասաց, որ անհնար էր մնալ այնտեղ՝ մոտ 500-600 հոգով թշնամու զորքն էր գալիս դեպի մեզ՝ տանկերով և այլ տեխնիկաներով։ Գիշերն անցկացրեցինք հարևան մարտական դիրքում: Համեմատաբար գիշերը խաղաղ անցավ, միայն եղանակն էր վատը՝ ուժեղ քամիներ էին, ինչին փոխարինեց անձրևը։ Հաջորդ օրերին գիշերում էինք կրակային դիրքում։ 

Առավոտյան թշնամին մեծ ուժով հարձակվեց, տարբերակ չունեինք՝ նահանջեցինք։ 

Ընտանիքիս հետ չէի խոսել մոտ 15 օր, բնականաբար նրանք անհանգստացել ու սկսել էին ինձ փնտրել բոլոր հնարավոր տեղերում՝ հոսպիտալներում, հիվանդանոցներում, պաշտպանության նախարարություն էին դիմել և այլ տեղեր։

Դժվարանում եմ պատմել պատերազմական մնացած օրերի մասին։ Սակայն հենց պատերազմն ինձ տվեց սեր կյանքի հանդեպ ու ամենամեծը՝ հավատք...

Ճիշտ է մինչ օրս չգիտեմ, թե ինչպե՞ս եմ ողջ մնացել ու պատմում այս ամենի մասին։ Չգիտեմ, ինչպե՞ս եմ դուրս եկել այն դժվար ու անհավանական տեղերից։ 

Հիմա հավատքս ավելի մեծ է, քան երբևէ, բայց կորցրել եմ ամենակարևորը մարդկանց՝ ինձ հարազատ ընկերներիս։ Շատ դաժան և դժվար է, երբ եղբայրդ կողքիդ զոհվում է...

Ցավս մեծ է, ճիշտ է՝ լռում եմ, սակայն հոգիս հանգիստ չէ, ու ցավը ներսից սպանում է։

Զորացրվել եմ հունվարի 24-ին ։ Շատ եմ ուզում գնալ եղբորս, ընկերներիս գերեզման՝ Եռաբլուր, սակայն չեմ կարողանում, չեմ հավատում այս ամենին, դժվար է շատ...

Փա՛ռք Աստծո, ինձ հետ ամեն ինչ նորմալ է։ 


Շատ
 նպատակներ ունեմ ու փորձում եմ իրագործել ամենալավ ու հնարավորինս կերպով։ Չգիտես ինչին պատրաստ լինես, ամեն պահին ու ժամանակահատվածում կյանքը քեզ փորձությունների է ենթարկում։ Ժամանակն ամենաթանկ բանն է բոլորիս կյանքում, սակայն ոչ ոք չգիտի ինչ կարող է լինել այսօր, վաղը... և ինչքան ժամանակ է նախատեսված ապրելու ու երբ այն կավարտվի...
Այդ դեպքում, ինչու՞ չապրել սիրով և անկեղծությամբ միմյանց հանդեպ ու կարևորը՝ պետք է գնահատել ամեն պահը։

 

Փա՛ռք քեզ, հա՛յ զինվոր։






Комментарии

Популярные сообщения