Վարդերի հեղափոխություն

Վարդերի հեղափոխություն (վրաց.՝ ვარდების რევოლუცია - «վարդեբիս ռևոլյուցիա»), գունավոր հեղափոխություն Վրաստանում 2003 թվականի նոյեմբերին։ Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր։ Հեղափոխության ընթացքում Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարումն անցավ ընդդիմադիրներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ։

Հեղափոխության տանող գլխավոր և համընդհանուր նախադրյալ դարձավ Վրաստանի անկախացումից հետո (1995) պաշտոնավարող Էդուարդ Շևարդնաձեի կառավարումից դժգոհությունը։ Բնակչության դժգոհությունն առաջացել էր կառավարության հանդեպ կուտակված պահանջներից, որոնք կապված էին երկրի ծանր տնտեսական իրավիճակի, պետական ծառայողների շրջանում կոռուպցիայի տարածվածության և այլ պատճառներով։ Իրավիճակը բարդացավ ազգային փոքրամասնությունների՝ անկախության ձգտելու կամ Ռուսաստանին միանալու ձգտումների հետևանքով, ինչը մասնավորապես արտահայտվեց դե-ֆակտո անկախ գոյություն ունեցող Աբխազիայի, Հարավային Օսիայի և որոշակիորեն Աջարիայի պարագայում։
Հասարակության մեջ բացասական զգացողություններ առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ Աբխազիայում և Օսիայում հակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով։ Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին։


2012 թվականի հուլիսին Էդուարդ Շևարդնաձեն «Ասավալ դասավալի» վրացական թերթին տված հարցազրույցում ներողություն խնդրեց Վրաստանի քաղաքացիներից «վարդերի հեղափոխության» ժամանակ իշխանությունը Սաակաշվիլիին հանձնելու համար՝ ընդգծելով, որ այն ժամանակ ինքն այլընտրանք չուներ, քան ժամանակից շուտ հրաժարական տալը։ Շևարդնաձեն ընդունեց իր սխալը, քննադատեց Սաակաշվիլիի քաղաքականությունը՝ պնդելով, որ նա ի վիճակի չէր լուծել Վրաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրները[2]:

Комментарии

Популярные сообщения