Երկրաշարժ

Հայկական լեռնաշխարհը երկրագնդի առավել երկրաշարժավանգ վայրերից է: Այդ տարածքում կործանիչ երկրաշարժերի մասին առաջին վկայություններից  մեկին հանդիպում ենք Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»  աշխատության մեջ, որտեղ նշված է, որ այն տեղի է ունեցել մ.թ.ա. 550 թ-ին:
Խորենացին պատմում է, որ այդ ժամանակ Արարատ լեռան վրա տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով հյուսիսարևմտյան լեռնալանջին գոյացավ հսկա մի խոռոչ: Այդ խոռոչն այժմ էլ տեսանելի է:
Ուժգին երկրաշարժերը հնուց ի վեր հաճախ են կրկնվել Հայկական լեռնաշխարհի տարածքում: Բազմաթիվ անգամներ ավերվել է Անին (1045, 1132, 1319 թթ-ին), 893թ-ի երկրաշարժից կործանվեց Դվինը,  1679 թ-ին ավերվել է Գառնիի տաճարը: 1840 թ-ի Արարատյան երկրաշարժի ժամանակ Արարատ լեռից պոկվել է մի հսկա լեռնազանգված և փլուզվել Ակոռի գյուղի վրա: Մեծ վնասներ են պատճառել Զանգեզուրում 1308 թ., 1931 թ. (քանդվել է Տաթևի վանքը), 1968 թթ-ին տեղի ունեցած երկրաշարժերը: 1926 թ-ի Գյումրիի երկրաշարժից ավերվել է 44 բնակավայր: 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից ավերվեց Սպիտակը, Գյումրին, Վանաձորը և Ստեփանավանը, ինչպես նաև ավելի քան 350 գյուղ:

Երկրաշարժերը լեռնաշխարհում պայմանավորված են հիմնականում 2 գործնով.

  1. Լեռնաշխարհը գտնվում է Ալպ- Հիմալայան գեոսինկլինալային գոտում:
  2. Հայկական լեռնաշխարհը հյուսիսից սեղմվում է Էվքսինյան և Կուր-Արաքսյան սալերի կողմից, հարավից լեռնաշխարհը ենթարկվում է Արաբական սալի ճնշմանը: Կենտրոնական մասում այս 2 սեղմումներին դիմադրում է Երզնկաի կոշտը:
Ամենասեյսմոակտիվ շրջանը Երզնկայի դաշտն է, որտեղ բազմիցս տեղի են ունենում ավերիչ երկրաշարժեր: Լեռնաշխարհում սեյսմոակտիվությամբ  երկրորդ շրջանը Արարատյան դաշտն է,  երրորդ շրջանը Շիրակի դաշտն է,  4-րդը՝ Վայոց Ձորի տարածքն է, որտեղ 735 թվականին ավերվեց Մոզ բնակավայրը: Սեյսմոակտիվ են նաև Զանգեզուրի, Ջավախքի տարածաշրջանները:

Комментарии

Популярные сообщения